10 July, 2014

Վերարժևորման պահանջ ամենուր


Աֆրիկյանների շենքն այսօր... Լուսանկարը Հայկ Բիանջյանի


Որոշել էի Աֆրիկյանների վերջին զարգացումների ու առհասարակ “պարտության” մասին գրել հանգիստ գլխով, Երևանից հեռու, փորձելով բարձրացնել մի շարք խնդիրներ, որոնք նախորդ մեկ ամսվա ընթացքում բարձրացվել էին տարբեր մարդկանց կողմից, տարբեր ձևաչափերով։ Սակայն Վահան Իշխանյանի բլոգի վերջին գրառումն ու այսպես ասած մի շարք լավ ընկերների ու իսկական քաղաքացիականների ռեակցիան շեղեց ինձ հիմնական ռազմավարական խնդիրների մասին խոսելուց ու ցանկություն առաջացավ զուգահեռներ տանել Աֆրիկյանների ու այս “անլուրջ” քաղաքացիականների վերաբերյալ քննարկումների (հիմա դա կոչվումա դիսկուրս ։Ճ) միջև։

Աֆրիկյանների շենքի շարժմանն միանալու առաջին օրվանից փորձել եմ իրականությանը չհամապատասխանող “մասնագիտական” փաթեթավորմամբ ստերին ու մանիպուլիացիաներին դիմագրավել։ Դրանք շատ են, նախկինում “ապամոնտաժված” ու “վերականգնված” շենքերի մասին (սրանք իդեպ մասնագիտական տերմիններ են ու երբևէ ճիշտ չեն օգտագործվել այս ընթացքում, նույնիսկ 1980-ականներից Երևանում հուշարձան փրկողները), փողոցի լայնացման կամ Հին Երևանի նպատակահարմարության մասին։

Պետքա նշել նաև պահպանության նախաձեռնությունն ու դրանում ներգրավված անձինք բառիս բուն իմաստով հարթ կառավարում են իրականացրել ու կարող եմ հանգիստ խղճով ասել որ երևի առաջին դասական առումով ապակենտրոն պայքարնա գնացել… Չեն եղել որևէ որոշումների կայացման մեխանիզմներ ու մարդկանց նեղ “պագոնավոր” շրջանակ ու կենսուսներով որոշումներ կայացնելու բազմաչարչար համակարգ… Չեմ ուզում քննարկել դրա արդյունավետությունը, քանի որ հիմա ունենք այն ինչ ունենք, բայց ուզում եմ հստակ ասել, որ շենքի պաշտպանությունը դեռ շարունակվումա ու պետք չի շենքի ու առհասարակ Երևանում քաղաքաշինական ձևախեղումների համար պայքարն ավարտված համարել, ինչպես չի կարելիա ավարտված համարել Թեղուտի կամ  կուտակայինի համար մղվող պայքարը։ Դեռ կա հնարավորություն շենքը նույն տեղում պահպանել դա համարելով որպես կարճաժամկետ նպատակ, ինչպես նաև առհասարակ հուշարձանի տեղափոխման գաղափարի վերջնական վերացումը մեր օրենսդրությունից ու պրակտիկայից, որը կարելիա համարել երկարաժամկետ նպատակներից մեկը։ Կարծում եմ կարևոր է նաև փաստել որ առաջին անգամն է որ ժառանգության պահպանությամբ զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը (կամ դրա մաս կազմող միավորը) դիմում է դատարան, ինչը եթե չեմ սխալվում նախապես միայն իրականացրել է Թեղուտի նախաձեռնությունը։

Միևնույն ժամանակ “Աֆրիկյանների շենքի իր տեղում չլինելու”, “Երևանի գյուղ լինելու” մասին խոսակցություններն ունեն նույն խորքային արմատները, որն ունի քաղաքացիականների շրջանում եղած իմ կարծիքով ամենամեծ խնդիրը՝ հիշողության կարճությունն ու դրա վավերացված չլինելը։ Լավ գիտակցելով մեր հիմնական նորագույն շրջանի փաստագրողների քաղաքական “էսթետիկան” պետքա ընդունել, որ դրանք փաստագրում չեն այլ ինչ որ տեղ ազատ ոճի կոմպոզիցիաներ։ Ինչպես 20-րդ դարի Երևանի մասին չկա մեկ (կամ ցանկալի կլիներ մի քանի) ամողջական պատմությունն ու զարգացումը ներկայացնող աշխատաթյուն(ներ) ցույց տալու համար թե ի՞նչ է եղել Երևանն ու ո՞վ, ի՞նչ է քանդել կամ կառուցել։ Չկա նաև անկախության շրջանը (և ոչ միայն անկախության, այլև խորհրդային շրջանը) պատմական ամբողջական քննության ենթարկող աշխատություններ կամ վավերագրական նյութեր։ Սրանով լղոզվում է պատասխանատվությունն ու ինչ որ մեկին հնարավորություն է տալիս ուրիշներին պալատական (տվյալ դեպքում ճարտարապետ, մեկ այլ դեպքում իշխանությանը ծախված) կամ այլ որակումներ տալով վերածվել նեո-պալատականի ճարտարապետության դեպքում, իսկ հասարակական քաղաքական դաշտում առհասարկ արժեզրկվում է խոսքն ու բարոյական նորմերն։ Եթե ճարտարապետության ոլորտում դա ինքնապաշտպանական քայլ է, ու նույն ասողը տեսնելով որ 20-րդ դարում “ապամոնտաժազգիների” (կամ դրանց սերունդների) պատասխանատվության խնդրի առկախվածությունը իրականում ազատելու է նաև իրեն ու իր սերունդներին պատասխանատվությունից, ապա քաղաքական ասպարեզում դա ձևախեղում է սերունդներն ու հասարակությանը հիասթափեցնում զրոյացնելով բոլոր սպասելիքները, որը ժամանակակից “տեքստերում” նշվում է որպես քաղաքական կուսակցական համակարգի արժեզրկում։

Մի քանի օր առաջ Մարիամ Խաչատրյանի հոդվածում որտեղ ինչ որ տեղ չափն անցնելոով նա փորձել էր մոտավորապես այս պատասխանատվության խնդիրը բարձրացնել ճարտարապետության ոլոտում (մեկ անգամ ևս եմ կրկնում ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՐՁԱԿ կերպով) արժանացավ մասնագիտական մեկ-երկու սուր ռեակցիայի։ Սակայն նա վերհանելով մի քանի արդեն իսկ սուր խնդիրներ ավելի սրելով դրանք, փաստեց մի բան. որ այլևս հնարավոր չէ լղոզելով մնալ պատմության մեջ, ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելով բարձրացնել պատասխանատվության հարցը։ Սրանով նա տաբու դարձած ճարտարապետի երևի առաջինը թիրախավորելով բացեց մի նոր քննարկում (իմա՝ դիսկուրս), ենթադրաբար եմ առանց նման նպատակ ունենալու…

Նույն կերպ կարելի է ասել ու արդարացնել քաղաքացիականների կարճ հիշողությունը, քանի որ միայն մեկ-երկու հոգին  բավարար չեն բացահայտելու համար մինչև 2008 թվականի երկրի իրական պատկերն ու նախա1998-ական իրադրությունը…  Այստեղ է երբ ամեն ինչ տակնուվրա է լինում։ Պարզվում է քաղաքացիական նախաձեռնությունները անկախ Հայաստանում սկսել են 2008-ից, մոռանալով 1996-ին ԵՊՀ-ում տեղի ունեցող ուսանողական ցույցերն ուսման վարձերի ու այլ խնդիրների համար (Էլյա Մանանդյանին եմ հիշում հատկապես, նաև ուրիշներին ում անունը չգրեմ երևի), 2004-ին Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունը, 2004-ից սկբզնավորված Սկսելան ու 2005-ին Սևան հյուրանոցի քանդման դեմ ակցաներն ու Բյուզանդի փողոցի շարժումը։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս շարժումներից քաղաքական դաշտ մուտք գործած հենց քաղաքականացված քաղաքացիականներին են ովքեր ներկա քաղաքական իրավիճակից ելնելով լռում են այս ամենի մասին… Ինչպես Հրանտ Թոխատյանն էր Մեր բակը ֆիլմում ասում “տեքստ չունեմ” պարզվում է որ տեքստը 2008-ին առաջացել առհասարակ… Հետաքրքիր զուգադիպությամբ տեքստի ստեղծումը համընկել է արվեստի ու մշակույթի մի շարք գործիչների քաղաքական գործընթացներին ներգրավվելով, սակայն ցավոք էլի անձնական կամ թիմային էսթետիկայի սահմաններում, ստեղծելով մանիֆեստներ միֆականացնելով անկախության ձախողման “հերոսներին”, հերոսացնելով մարդատյացներին… Կարծես թե քաղաքացիական կոնեսնսուս կա որ տեքստն անպայման պիտի լինի այնպես որ դժվար ընթեռնելի, կամ բարդ ստորադասական նախադասությունները պետք է լինեն գերակշռող, ու նաև տեքստն ստեղծվել է այն ժամանակ երբ առաջին անգամ կարդացել եմ (ես կամ են) այն։ Իսկ երբ նախընտրական ծրագիր ես գրում ու ներկայացնում տեսլականդ դա տեքստ չի այլ քխա…

Այս իրավիճակում հենց քաղաքականացված քաղաքացիականները ու նրանց հավասարեցված անձինք են նրանք ովքեր կարող են բացահայտել մեր նորագույն շրջանի այս դաշտին վերաբերող “տեքստերն” ու հնարավորություն տան բացվել ու վերարժևորել բոլորիս անցած ճանապարհը։ Նման փորձերը քաղաքային-մշակութային մասով արդեն տալիս են իրենց արդյունքներն ու այսօր հանրության շրջանում ու մեդիայում քաղաքային խնդիրները քննարկվում են ավելի քան երբևէ։ Ճիշտ է դրանք բավարար չեն նույնիսկ մեկ շենք փրկելու համար (վկան՝ Աֆրիկյանները, հակավկան՝ Ամառային դահլիճը), սակայն դրանք անհետևանք չեն լինելու։  Երբ մի տաս տարի առաջ ինչ որ տեղ երիտասարդական միամտությամբ մեղմ քննադատության էր արժանանում թամանյանական Երևանի ստեղծման գինը, որ վճարվել է քանդելով, այսօր այդ մասին խոսում են Թամանյանի անվանմբ միլիոններ դիզածները, կամ երբ Երևանի ամենահակահանրային տարածքի “հեղինակ-ճարտարապետը” խոսում է հանրայինտարածքների մասին դա նշանակում է որ նույնիսկ իր համար տաբուներ են ջարդվել։

Հիմա հերթը քաղաքականացված քաղաքացիականներինն է վեր կանգնել իրենց արդի պատմության ընթացքին միանալու ժամկետներից ու իրենց քիմքին հարմար տեքստածիններից և վերարժևորեն քաղաքացիական հասարակության կայացումը սկսած 1990-ականներից՝ հստակ ու առանց վախենալու գնահատական տալով ու ջարդելով օրինակ Վազգեն Սարգսյանի Սպարապետ լինելու մասին տաբուն կամ հասկանալ որ Միկոյանի արձանի տեղադրման գաղափարը թաղված է Կարեն Դեմիրճյանի անվանմբ բազմաթիվ կառույցներ անվանակոչելով ու դրա վերաբերյալ հասարակական խոնարհ վերաբերմունքից։

Շատ է խոսվում քաղաքացիական դաշտում կոնսոլիդացիայից ու նման խմորումների անհրաժեշտությունից, առաջարկում եմ սկսել հենց վերջին 20 տարին վերարժևորելուց, միգուցե այդ տեղ է թաղված փտած գլուխ որտեղից խիյարը թարս է աճում…

Սարհատ Պետրոսյան

ք. Ստեփանակերտ, հուլիս 2014թ.


-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

30 April, 2014

Նարեկ Սարգսյանը դժվար թե ատկատը թողած՝ Երեւանում շենք նախագծի















Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի
Հղումը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/98353

Մեր զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը

Սարհատ, որպես արդեն քաղաքաշինության նախարար՝ Նարեկ Սարգսյանն ասել է, որ բավական է թերթել իր անցյալի էջերը, և պարզ կդառնա՝ ինչու նախագահի ընտրությունն իր վրա կանգ առավ: Ճարտարապետական հանրույթը տարիներ  շարունակ քննադատում էր նրա գործունեությունը որպես Երևանի գլխավոր ճարտարապետի: Ի՞նչ տեղի ունեցավ:
Իրականում բավական օրինաչափ գործընթաց է ընթանում. իրերը սկսել են կոչել իրենց անուններով: Մենք անընդհատ բարձրաձայնում էինք քաղաքաշինության ոլորտի խնդիրները՝ համարելով դրանք համակարգային, ու մատնանշում էինք կոնկրետ մեղավորներին: Հիմա, փաստորեն, արտահայտվել է համապատասխան անձնավորությամբ, որն էլ մարմնավորում է այս ողջ գործընթացը: Կարելի է միայն ողջունել, քանի որ ստվերում գործունեություն ծավալողն ու խաղացողը դուրս է գալիս առաջին գիծ և պաշտոնապես դառնում իրավիճակի պատասխանատուն ողջ երկրի մակարդակով: Հաշվի առնելով, որ այս ոլորտում իրավիճակը շատ վատ է, և ավելի վատ դժվար է պատկերացնել, նշանակում է՝ երկար ժամանակում այս նշանակումը դրական արդյունք կտա, քանի որ ամեն ինչ ավելի կանխատեսելի է դառնում: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ քաղաքական իստեբլիշմենտը զարդարված էր դեկորատիվ «էլեմենտներով», որը չէր արտացոլում իրերի իրական դրությունը: Իսկ այսօր ամեն ինչ ավելի ճիշտ է արտացոլում իրականությունն ու ներկայացնում իրական պատկերը: Դա հնարավորություն է տալիս բոլորին հասկանալու, թե ինչ իրավիճակում ենք, և ինչքան խորն են խնդիրները:

Իսկ մտավախություն չկա՞, որ  ճարտարապետական աղավաղումները, կորուստները նոր փուլ կմտնեն:
Կարծում եմ՝ այս ոլորտում կորուստները կարող են շարունակվել նույն տեմպերով: Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք ապավինել անհատների  հայեցողությանը, ինչպես օրինակ Էռնեկյանը որոշեց, որ շենքը պետք չի քանդել: Իրականում շատ խորը և համակարգային խնդիրներ կան, և քանի որ ողջ ոլորտն իջել է շրիշակի մակարդակի, պետք է ամբողջ ոլորտը վերափոխվի՝ սկզբից մինչև վերջ: Դա երկար ժամանակ կպահանջի, և հավատացնում եմ, որ եթե քաղաքաշինության նախարարությունում կան մատների վրա հաշված մարդիկ, որոնք կարող են դա անել, գնալով նրանց թիվը պակասում է: Իսկ այսօր արդեն շրիշակի մակարդակի նախարար շրիշակի մակարդակն ոլորտում, ինչո՞վ է վատ այս ամենը։ Մի քանի անհատներ ցինիզմը Հայաստանում դարձրել են քաղաքական կատեգորիա, սակայն ես այս ամենն ասում եմ առանց ցինիզմի։

Ըստ Ձեզ՝ այսօր ո՞ր խնդիրները պետք է քաղաքաշինության նախարարի առաջնահերթ լուծման առարկա հանդիսանան:
Ոտքից գլուխ ոլորտում խնդիրներ են. ամբողջ տրամաբանությունը, պետության դերը, մարդու դերը քաղաքում պետք է փոխել: Այսօր եթե փոխենք քաղաքաշինության նախարարին և նշանակենք ուրիշ մեկին, դրանից որևէ փոփոխություն չի լինելու, որովհետև այն տրամադրությունը, այն մթնոլորտը, որ կա, այդ պայմաններում ոչինչ չի կարող փոխվել: Մի դրական բան կա՝ այն ինստիտուցիոնալ «բարեփոխումները», որոնք պիտի մեր երկիրը դնեին ճիշտ զարգացման ընթացքի մեջ, դրանք խորթ էին և հասարակությանը, և քաղաքական “իստեբլիշմենտի” ոգուն: Այսինքն՝ նախարարի այս փոփոխությունը գուցե դրական լինի, քանի որ խաղի կանոնները բոլորի համար հասկանալի են դառնում: Եվ սա սրում է պայքարելու ցանկությունը: Եթե մենք նայենք քաղաքացիական նախաձեռնությունների էվոլյուցիան, Կինո Մոսկվայից մինչև Թեղուտ ու «Դեմ եմ», կտեսնենք, որ վերջինս բոլորի տրամաբանական շարունակությունն է: Յուրաքանչյուր դեպքում նախորդի գիտելիքին ավելանում է նոր փորձը, և եթե դու դիմացդ ավելի հասկանալի, ընդունելի, առանց դեկորատիվ էլեմենտների պատ, տվյալ դեպքում՝ իշխանություն ունես, այդ դեպքում պատի հետ սկսում ես հարաբերվել այն տրամաբանությամբ, որը նրա մասին պատկերացնում ես: Իսկ նրանք, ովքեր մտածում են, թե՝ «լավ, այս մարդիկ համակարգում փորձում են փոփոխություններ անել», հիմա տեսնում են, որ այդպիսի մարդիկ պարզապես չկան, ու չես կարող քեզ համոզել, թե նրանք կանեն փոփոխություններ: Այդ տեսանկյունից «Դեմ եմ»-ի շատ ճիշտ, փայլուն ձևով մտածված քայլերը հանգեցրին նրան, որ նրանք հաշվի առան նախկին փորձը, և այս գործընթացները, կարծում եմ, դրական ուղղությամբ են ընթանում:

Քաղաքացիական հանրույթը կարծես իր գործողություններով դառնում է անկանխատեսելի իշխանությունների համար:
Քաղաքացիական հանրույթն արդեն դառնում է թելադրող. Մաշտոցի այգին ցույց տվեց, որ կամաց-կամաց քաղաքացիական հանրությունը թելադրող է դառնում, թեև դեռ 100 տոկոսով թելադրող չէ: Այստեղ ամենակարևորն այն է, որ ա-լա-«Դեմ եմ»-ի հաջորդ ճնշումը, որը կարող է հաջողություն բերել, պայմանականորեն ասած, բուրժուական ճնշման որակներ պետք է ձեռք բերի։ Այսինքն, փոքր ու միջին բիզնես խավն էլ լինելու է փոփոխություններ իրականացնողը, որովհետև «Դեմ եմ»-ի ցանկացած ակտիվիստի հետևում միայն իր աշխատավարձն է, իսկ յուրաքանչյուր միջին գործարարի թիկունքում 30-50 աշխատատեղ է: Եթե գործարարները միանան պայքարին, այդ դեպքում ճնշումը լրիվ անկանխատեսելի է լինելու: Ես հավատացած եմ, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք դրան:

Ձեր կարծիքով, Նարեկ Սարգսյանը, ով Երևանի գլխավոր ճարտարապետ  եղած ժամանակ հանդիպեց շատ ուժեղ քաղաքացիական ճնշումների, կարո՞ղ է երբևէ ինքնուրույն որոշումներ կայացնել, թե՞ դա որոշվում է մեկ այլ աշխատասենյակում, որտեղ որոշվում են Հայաստանի գրեթե բոլոր հարցերը:
Գիտեք, նույնիսկ մեկ մարդու կամ մարդկանց խմբի որոշումների դեպքում մասնագետների կարծիքը կարևոր է, որովհետև նրանք փորձագիտական մակարդակով կարծիք են հայտնում, որի հիման վրա կառուցվում են ինչ-որ տրամաբանություններ: Նարեկ Սարգսյանը եղել է “պալատական” ներկա  համակարգի ճարտարապետը, և ես դժվարանում եմ մեկ այլ անձնավորության առաջարկել, որը կարող էր ավելի լավ ծառայել այս տրամաբանության շրջանակում: Օրինակ՝ նույն տրամաբանության մեջ կարելի է Սուրիկ Խաչատրյանին առաջարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

Բայց պատմությունը տվել է նաև պալատական ստեղծագործողներ, օրինակ ՝ Գոյան, որը հանճարեղ գործեր թողեց իրենից հետո:
Այդպիսիք շատ են եղել, բայց ներկա քաղաքական ու տնտեսական համակարգը, որը պրոդուկտ տվող չի, կլանող ու կորզող է իր բնույթով,- Նարեկ Սարգսյանը հենց այդ համակարգի ճարտարապետն է, և այդտեղ դժվարանում եմ ասել, թե ինչ կարգի նախաձեռնողականություն կարող է ցույց տալ նա: Պատմական պալատական ճարտարապետների ու ստեղածագործելու մասով համեմատության եզրեր չկան, քանի որ վերը նշված շրիշակային համեմատությունների շրջանակում Նարեկ Սարգսյանն իր մասնագիտական կարողություններով հազիվ ծանոթի միջոցով կարող էր բանվոր աշխատել։ Փաստորեն, անկախության շրջանում մեր բախտը չի բերել պալատական ճարտարապետների առումով, ինչպես տեսնում ենք։ Եթե նա նույն նախաձեռնողականությունը ցույց տա, ինչ ցույց է տվել Երևանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ, ապա դրանում, իհարկե, վտանգներ կան: Բայց ընդհանրապես, հաշվի առնելով քաղաքաշինության նախարարության նախկինում վերապահված դերակատարությունը, չկան ինքնադրսևորվելու այդպիսի շատ մեծ հնարավորություններ: Կարծում եմ, ավելի մեղմ կլինեն, բայց ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ այս իրավիճակը շատ երկար է տևելու, և գործընթացները գնալու են 180 աստիճանի փոփոխությունների ճանապարհով: Այնպես որ, չեմ կարծում որ արժի շատ մտածել ու վերլուծել, որովհետև չեմ կարծում, որ այդքան ժամանակ է լինելու դրա համար: Առավելագույնը, որ կարող է լինել, ու իմանալով նրա սերը հանրային ուշադրության կենտրոնում լինելու հարցում, կարծում եմ հրապարակ է նետելու մի քանի գմբեթանման ծրագրեր, միայն որ իր մասին գրեն թերթերում, ու իր գրպանային ճարտարապետության պսևդո-քննադատներն ու լրագրողուհիները ևս մեկ անգամ կարողանան համեմատել նրա “զրկանքները” Թամանյանի դարասկզբի քննադատության հետ։ Ուղղակի նրա ու իր խունտայի համար ժամանակավոր բարենպաստ պայմաններ են լինելու՝ գահավիժման ու ոչնչացման մեծ ռիսկերով։

Հիմա  արդեն օրենսդրությամբ Նարեկ Սարգսյանն ավելի շատ ռեսուրսնե՞ր է ունենալու Երևանում ինչ որ նոր բաներ նախաձեռնելու համար:
Գիտեք՝ օրենսդրությամբ, իրականում, քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հարաբերություններում այնպես է եղել, որ քաղաքաշինության նախարարությունը շատ քիչ ազդեցություն է ունեցել Երևանի վրա: Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության փոխնախարար եղած ժամանակ ստեղծեց հատուկ կարգավորման տարածքներ հասկացությունը, որն ինքն էր “համակարգում”, հետո իր հետ տարավ ճարտարապետների կոմիտե: Հիմա կարող է Երևանի կենտրոնում լինի այդ գաղափարը: Չեմ կարծում, որ շատ բան տարբեր կլինի, որովհետև քաղաքաշինության նախարարությունը երկու տեսակի բան է անում. քաղաքների գլխավոր հատակագծերի քաղաքաշինական քաղաքականությունն է մշակում, որը համեմատաբար հաջող կատարում է փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը, ով մեր ոլորտի բացառիկ պրոֆեսիոնալներից է պետական համակարգում, երկրորդը “ատկատներով” հարուստ պետական գնումների գործընթացն է, այսինքն՝ պետության բոլոր շինարարական պետական գնումներն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը: Բնականաբար, այդ յուղոտ պատառները թողած, դժվար թե նա ընկնի Երևանում ինչ-որ շենք նախագծելու հետևից ու պատվերներ փախցնի: Այնտեղ կան մեծ ռեսուրսներ, որոնք շատ ավելի գայթակղիչ են, և կարող է միգուցե Երևանը հանգիստ թողնի:


-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

26 March, 2014

Սիթիփարքինգ սերվիսի մասին

Քանի որ երկար ժամանակ է ինչ խոսվում է Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության մասին, իսկ վերջին օրերին ԱԺ-ում կրքերը դարձան սեռահասունական, որոշեցի նախկինում մի քանի անգամ տարբեր մասնավոր ձևաչափերով արտահայտած մտքերս հնարավորինս արագ ու համակարգված ներկայացնել։ Խնդրում եմ շատ խիստ չվերաբերվել քանի որ սա բլոգային գրառում։
Նախ այս նախաձեռնությունն իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանի վերջին տարիների ամենահաջողված ծրագրերից է թե՛ նպատակայնությամբ, թե՛ ինովացիոն մոտեցմամբ։ Բացատրեմ, նախ կարծում եմ բոլորդ կընդունեք ավտոկայանատեղիների կարգավորումը խոշոր քաղաքներում շատ կարևոր խնդիր է։ Այդ մասին կարելիա կարդալ արդի քաղաքաշինական ցանկացած նյութում կամ հետազոտությունում։ Ինովացիոն մասով կարծում շատ կարևոր է նկատել որ SMS-ների գաղափարը շատ ճիշտ էր ու իմ կարծիքով բջջայինից չօգտվողների վճարման խնդիրը կարծում եմ ուղղակի ծայրահեղություն է։ Դա կարևոր է այնքանով որ քաղաքային նոր ենթակառուցվածքներ անցկացնելու համար քաղաքը չէր ծանրաբեռնվի առանց այն էլ դժվարանցնելի դարձած մայթերի հաշվին։ Սա շատ ողջունելի էր հատկապես շարժական նկարահանող սարքերի առկայության պայմաններում նույն հիմնավորմամբ, որն իճիգ  դարձավ ստատիկ նկարահանող սարքերի տեղադրումից հետո առաջացած լարերի պատճառով։
Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություն լինելուն ու որև հավելյալ ծառայություն չտրամադրելուն ապա կներեք իրապես չեմ հասկանում ի՞նչ հավելյալ ծառայության մասին է խոսքը։ Ողջ աշխահում այս համակարգը մանրադրամ ընդունող մեխանիկական սարքերից եկել հասել է հենց այն նույն տեխնոլոգիային ինչ մենք անում ենք այսօր։ Վկան Լոնդոնում իմ արված լուսանկարն է։

Ընդհակառակը շատ լավ է երբ քաղաքը կարողանում է իր գործառույթների մի մասը զիջել մասնավորին, որը հիմնականում դա իրականացնում է ավելի լավ քան համայնքային կամ պետական հիմնարկությունները։ Բայց դա չի նշանակում պետք է ազատ թողնել մասնավորին, այլ պետքա շատ խիստ վերահսկել դրա գործունեությունը։ Լուծումներից մեկը դա հանրային ծառայություն համարելն է ու դրա կարգավորումը պետական հանձնաժողովին տրամադրելն է, գոնե Երևանի դեպքում։
Հասկանում եմ որ հատկապես այս գործող բիզնես նախագիծը զայրացնում է 30-70 ի օգուտ մասնավոր հարաբերության պատճառով։ Հարց, օրինակ եթե լիներ 10% գործակալական վճար նորից այդքան դեմ կլինե՞իք։ Եթե դա ընդունելի է ապա նման պահանջ է պետք դնել, ոչ թե ասել թե ինչու ձյունը չեն մաքրում։
Հիմնականում գրելով այս նախագծի դրական կողմերի մասին մի քիչ գրեմ բացասականների մասին, որոնց մասին շատ է խոսվել։ Ամենաբացասականը նշեցի վերևում, դրա մասն է կազմում մրցույթի ոչ թափանցիկ լինելու մասին մտահոգություններն ու հանրային իրազեկման թույլ գործողությունները։ Բայց կարծում եմ սրանք առկա են գրեթե բոլոր հանրային ծառայությունների ու կառավարման ոլորտներում, այնպես որ դրանց մասին շատ է խոսվում ու կարելիա ասել լրիվ նորմալա նման իրավիճակը։
Մի խնդիր որի մասին դեռ չի խոսվել։ Այս համակարգի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը միայն հնարավոր է բարձրացնել դրա համալիր դիտարկման միևնույն ժամանակ ինտեգրմամբ քաղաքային այլ ծառայությունների հետ։ Մասնավորապես շրջակա շենքերի բնակիչների, երկարաժամկետ կայանողների, ծառայողական մեքենաների ու այլնի համար բարդ համակարգի մշակմամբ։ Նաև կարևոր է ապահովել հատուկ օրերի ընթացքում ինչ որ ժամերի կայանման կառավարման հետ կապված ու բազմաթիվ այլ հնարավորություններ կիրառումը։ Սա նաև տալիս է մեկ այլ հնարավորություն քաղաքում առկա փողոցների այն երթևեկելի գծերը որոնք տրամադրվում են կայանման համար այնտեղ առաջանում է հեծանիվի համար շատ հարմար երթևեկելի գոտի։



Այսպես երկար կարելի է գրել, բայց ամփոփելով կարելի է ասել լավ նախաձեռնություն էր, որը ստացվել է այնպես ինչպես միշտ։ Սակայն կարծում եմ որ դրա հնարավորությունները պետք է օգտագործել զարգացնելու համար որակյալ քաղաքային միջավայր ունենալու համար նախադրյալներ։ Ուղղակի դա պետք է ՆԱԽԱԳԾԵԼ ու ՔՆՆԱՐԿԵԼ, դա է մինչ այս պահը քաղաքակրթության միակ հայտնագործությունը…


Հ.Գ.-Նախագծել ու քննարկելն է կարելի է տալ մասնավորի քանի որ հաստատ դա ավելի լավ են կարող անել քանի ոչ մասնավորները։


-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

18 February, 2014

Երևանը երբեք վարդագույն քաղաք չի եղել, դա միֆ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Հեղինակ՝ Հայկանուշ Թորոսյան
Հղումը՝  http://www.1in.am/arm/armenia_interview_251584.html 


- Վերջին շրջանում թեժ քննարկումների առարկա է դարձել «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ճակատագրի հարցը: Մի մասն ասում են` պետք է քանդել, մյուսները նշում են, որ շենքը պահպանել է պետք: Ըստ Ձեզ` ո՞րն է ելքը:
- Նախ` քննարկումից դուրս է, որ «Զվարթնոցը» պետք է պահպանվի, որովհետև «Զվարթնոցն» արդեն իսկ միայն հայկական համատեքստում հայտնի չի, այլ կարելի է ասել անգամ համաշխարհային ժառանգության մեջ կարևորվող մի կառույց է, իսկ այն, որ «Զվարթնոցը» Հայաստանում պատմական հուշարձանների ցանկի մեջ չի, դա շատ լավ ցույց է տալիս՝ մենք ինչպես ենք վերաբերվում մեր ժառանգությանը` կիսատ-պռատ: Կոնկրետ շենքի մասին խոսենք. այստեղ մի քանի բան պետք է հասկանալ` այդ շենքի շահագործումն իբրև օդանավակայան գրեթե անհնար է, չեմ ասում` ամբողջովին, բայց գրեթե անհնար է, և պետք է խնդիր դնել՝ այդ շենքի օգտագործման տարբերակները քննարկել, որպեսզի շենքի պահպանությունը չլինի ծախսատար, այսինքն՝ ելակետ պետք է լինի այն, որ շենքը միանշանակ պահպանվում է, դրա հիման վրա միայն պիտի քննարկումներ լինեն՝ շենքի պահպանությունն ինչպես կարող է լինել: Խոսակցություններ կան, որ դա պիտի դառնա հյուրանոց կամ ուրիշ մի բան, միգուցե այդպես է, շենքի պահպանության բազմաթիվ ձևեր կարելի է օգտագործել, բայց պետք է սկսել հենց շենքը պահպանելուց: Երբ մենք սկսում ենք խոսել քանդել-չքանդելուց, խոսակցությունը լրիվ ուրիշ տեղ է գնում, շենքը պետք է պահպանել, իսկ հետո տալ մեկին, ով կարող է օգտագործել, օրինակ՝ որևէ անձանավորության, ով ունի հավաքածու, որը կարելի է ցուցադրել այնտեղ: Հարցին պետք է լուրջ մոտենալ, ընդհանրապես հուշարձանների խնդիրը սկսում է նրանից, որ ասում ենք` վա~յ, մենք խեղճ ենք, վա~յ մենք փող չունենք շենքը պահելու, վա~յ մենք չգիտեմինչ և այլն, կամ` շենքը անմխիթար վիճակում է, սեյսմիկ անվտանգության առումով վտանգավոր է: Ինչ է նշանակում, ի վերջո, այդ առումով վտանգավոր է Հայաստանի շենքերի գերակշիռ մասը, ուրեմն բոլորը պիտի քանդե՞նք: Դրանք հիմնականում սուտ խայծեր են, որոնք այդ շենքը քանդելու համար են: Պետք է կոնցեսիոների հետ խոսել նորմալ, էդ մարդը պարտավոր չի մեր ժառանգությունը պահպանել, մենք տվել ենք շենք, որ մեր հուշարձանների ցանկում չի եղել, և դրա պահպանումն այսօր հասարակության խնդիրն է, որ պետք է պահպանի այն, ինչ որ Սահմանադրությամբ դրված է պետության վրա:

- Ինչու՞ ընտրվեց այս շենքը, գուցե կոմերցիոն առումով լավ տեղու՞մ էր, ասում են` հյուրանոց պիտի կառուցվի նրա տեղում:
- Այդ շենքի տեղում մաստեր-պլանով հյուրանոց չի նախատեսվում, նախատեսվում է շարունակել օդանավակայանի նոր շենքը այդ ուղղությամբ, որովհետև կան երկու շենքեր, մեկը մինչև վերջերս որպես VIP էր օգտագործվում, դա պիտի քանդվեր, քանդվում է նաև այս շենքը, քանի որ նա օգտագործվում է: Բնական է, եթե շենքը չի օգտագործվում, բայց դու դրա վրա փող ես ծախսում, պետությունը չի ասում, որ դու պարտավոր ես դա պահել, ապա ինչո՞ւ պետք է պահես շենքը: Շենքի կամ գործակալի կոնցեսիոների կողմից, իր տեսակետից` սա ճիշտ որոշում է, բայց եթե դու հանգում ես եզրակացության, որ շենքը պետք է քանդել, ապա կարելի է հազարավոր լուծումներ գտնել՝ ինչպե՞ս կարելի է շենքը պահել, ինչպե՞ս կարելի է օգտագործել, հազարավոր մեխանիզմներ կարելի է գտնել՝ ինչպե՞ս անել, որ կոնկրետ այս սեփականատիրոջ՝ կոնցեսիոների կամ մեկ այլ ներդրողի համար լինի գայթակղիչ, իսկ դրա համար պետք է նախևառաջ լինի ցանկություն: Մի հասարակարգ, որ «Ծածկած շուկան» է քանդում, մի պետություն, որ թույլ է տալիս քանդել, կամ հասարակություն, որ չի կարողանում դրա առաջն առնել, ապա, բնականաբար, չի կարողանալու նաև սա պահել, հուշարձանների ցանկի մեջ: Մաշտոցի պողոտայի վրա սևով սպիտակի վրա գրված է` շենք, որ հուշարձան է, դա քանդվեց, «Ծածկած շուկայի» շենքը՝ ևս, ինչի՞ մասին է խոսքը, իսկ իմաստ ունի՞ ընդհանրապես խոսել սրա մասին՝ մի շենքի, որ հուշարձանների ցանկի մեջ չի էլ հայտնվել:

- Խոսվում էր մի տարբերակի մասին` օդանավակայանի հարակից այգում որոշ հուշարձանների մանրակերտը ստեղծել, ողջունելի՞ է այս գաղափարը:
- Դա, ոնց ասեմ, որ էթիկայի սահմաններում լինի, մեղմ ասած՝ հիվանդ ճարտարապետի գաղափար պիտի լինի, քանի որ գիտենք՝ ով է արել առաջարկը, երևակայության արդյունք է, պրիմիտիվ, մեկի, ում համար ճարտարապետությունը լեգոյի պես պրիմիտիվ մի բան է` այստեղ շենքը քանդենք, այնտեղ դնենք, այսպիսի բան ենք ստեղծելու: Ինչ որ կատարվել է, անլուրջ խոսակցություն է, ուղղակի ցավում եմ, որ կառավարության նիստին այդ անլուրջ մտքերը կարող է կրկնվեն:

- «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ճակատագիրը դեռ պիտի քննարկման դրվի մասնագիտական շրջանակներում, ըստ Ձեզ` մասնագետների կարծիքները որքանո՞վ կազդեն:
- Գիտե՞ք ոնց, ճարտարապետներն ասում են՝ այս շենքը չի կարելի քանդել, դա խոսակցություն է, որ ես ընդունում եմ, դուք, կարող է, ընդունում եք, դա չի հարցը: Ամենակարևորն այն է, որ այստեղ պետք է բերել այլընտրանքային գաղափարներ: Նման խնդիրներ կան աշխարհի բոլոր՝ ճարտարապետական արժեք ունեցող օդանավակայաններում, Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանի երկու տերմինալում ճիշտ նույն իրավիճակն է: Շենքեր, որոնք այդ ժամանակաշրջանի լավագույն նմուշներն են հանդիսանում, որոնք այսօր չեն կարող օգտագործվել` որպես օդանավակայան, այսպես ասած «օդում մնացած» վիճակում են, և չեն կարողանում գտնել լուծումներ, որտեղ կարելի է դրանք օգտագործել, այնտեղ էլ բազմաթիվ մրցույթներ են եղել, սա միայն հայկական խնդիր չէ, հայաստանյան չէ, քանի որ ընդհանուր օդանավակայանների ամբողջ տեխնոլոգիան է փոխվել վերջին քսան տարվա ընթացքում, դրանից վաղ կառուցված օդանավակայաններից մի քանիսն ունեն հարմարեցման հնարավորություն, մի մասը` ոչ. Զվարթնոցը գրեթե չունի նման հնարավորություն, դրա համար առաջանում է այս խնդիրը, բայց նորից եմ ասում՝ այդ խնդրի ելակետը պիտի լինի պահպանելով Զվարթնոցը` դրա համար հեռանկար քննարկել, կամ շարժվել այնպես, ոնց որ մենք վերջին քսան տարվա ընթացքում միշտ ենք շարժվել` քանդել ամեն ինչ և ստեղծել ինչ-որ մի բան, որը՝ այդ նոր ստեղծածը, միշտ ավելի վատն է լինում, քան նախորդը, քանի որ մենք ուղղակի ի վիճակի չենք որևէ լավ բան կառուցել այլևս:

- Շենքի համահեղինակներից մեկի դուստրը` Անահիտ Թարխանյանը, նշում էր, որ չի քննարկվում ամենապարզ մի հարց` իսկ ինչո՞ւ քանդել:
- Պարզից էլ պարզ է՝ դա շենք է, որ չի օգտագործվում, դրա հետ միաժամանակ ունի ազատ սեփականատեր անձնավորություն, որ հետևում է այդ շենքին: Բնականաբար, այդ մարդն իր գրպանից գումար է դնում, որ այդ շենքը պահպանում է, լուսավորում, հսկում և այլն, և այլն... Այս հարցը վաղ թե ուշ առաջանալու էր, այդ պահը հիմա եղավ, հիմա առաջացավ հարցը: Ես չեմ ուզում կոնսպիրատիվ բաների մեջ մտնել՝ այսպես չէր, այնպես չէր, միգուցե նման հարցեր կան, բայց ինձ` որպես մասնագետի, չեն հետաքրքրում:

- Երևանի բրենդավորման գործընթաց է իրականացվում, սա որքանո՞վ էր հրատապ ու կարևոր:
- Բրենդավորումը պարտադիր բան է ցանկացած կազմակերպության համար։ Իսկ քաղաքը մի մեծ բաժնետիրական կազմակերպություն է, նույնիսկ ցանկացած պետության կարելի նման կերպ դիտարկել։ Մենք կարող ենք քննարկել բրենդավորման վրա ծախսվող գումարների հարցը, դրանք նպատակահարմա՞ր են, թե՞ ոչ, դրա մասին կարելի է շատ խոսել, ոնց որ շատերը խոսում են Էրեբունի-Երևանի տոնակատարությունների մասին, բայց բրենդավորումը պարտադիր բան է, աշխարհի բոլոր քաղաքները, երկրները դա պիտի անեն, ոչ միայն Երևանին, այլև Հայաստանին է պետք, էլ չեմ ասում՝ Հայաստանի երկրորդական քաղաքներին է պետք: Բրենդավորման կարիք ունեն Գյումրին, Դիլիջանը՝ իբրև Հայաստանի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկը, կարծում եմ՝ այսօր մենք Հայաստանում ունենք այդ ներուժը գրաֆիկական դիզայներների։ Բայց բրենդավորումը միայն դիզայնի շրջանակներում նայելը մի քիչ պրիմիտիվացնում է դրա գաղափարը, քանի որ դա շատ ավելի լայն հասկացություն է. այդտեղ մարկետոլոգների քաղաքաշինարար-ճարտարապետների մշակութաբանների, մարդաբանների, հոգեբանների, շատ մեծ խումբ պիտի աշխատի։ Տեղյակ եմ, որ Երևանում հիմա նման պրոցես է գնում, սակայն, ցավոք, դրանից տեղյակ չեմ:

- Հրապարակների մրցույթ է հայտարարված, սակայն կարծեք թե հետաքրքրություն չկա նրա նկատմամբ: Ի՞նչն է պատճառը:
- Հանրապետության հրապարակի մրցույթի տրամաբանական շարունակությունն էին դրանք, ինչպես այդ մրցույթի համար էինք ասում՝ դրանք տվյալ դեպքում ժամանակավրեպ են և լրջությունն է պակասում, մենք այդ վիճակում չենք, «մենք» ասելով` ավելի շատ նկատի ունեմ ճարտարապետական հանրույթը, հասարակությունը, որ մենք կարողանանք մի տարում հինգ-վեց հրապարակների մրցույթ անցկացնել, մենք, ցավով եմ ասում, անկախությունից հետո մատների վրա հաշված քիչ թե շատ գրագետ շինություններ ունենք մեր երկրում կառուցված: Այս իրավիճակում մի քիչ սխալ կամ անլուրջ է հայտարարել մրցույթներ (չնայած մրցույթները միշտ լավ են), այն էլ՝ մի տարվա մեջ հինգը, օրինակ՝ Ֆրանսիայի, Բրազիլիայի կամ Ռուսաստանի հրապարակի մրցույթ, միգուցե լիներ մասնագիտական հանրույթի շրջանակներում վստահություն այս մրցույթների նկատմամբ, գուցե և հաջողվեր, կամ ես ինքս մասնակցեի, բայց քանի որ Երևանի նախկին ճարտարապետի նկատմամբ չկար հանրային վստահություն, իր օրոք հայտարարված մրցույթները վարկաբեկված են: Կարծես թե ամբողջական նախագծեր մեկ թե երկուսն էին, որ մասնագիտական առումով կարելի էր ընդունելի համարել: Տվյալ դեպքում ենթադրում եմ` ինչ է եղել, չնայած նախագծերին թեթևակի ծանոթացա, իրականում վստահություն չկա մրցույթների, և ընդհանրապես` այս տեսակ գործընթացների նկատմամբ, դա պետք է վերականգնել, իսկ վերականգնման ճանապարհին մի տարում հինգ-վեց մրցույթ հայտարարելը դրան չի կարող նպաստել, պետք է հատուկ նպատակ լինի այդ վստահությունը ձեռք բերելու համար, որովհետև քաղաքը մեկ-երկու ճարտարապետինը չէ, բոլորինն է, և քաղաքում հիմնական կարևոր փոփոխությունների դեպքում պետք է հաշվի առնել բոլոր ճարտարապետների կարծիքները, դիրքորոշումները և գտնել կամ համատեղել դրանցից լավագույնները:

- Ասում են՝ Երևանը հարմարավետ չի, ո՞վ է դրա պատասխանատուն:
- Չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում հարմարավետ է կամ չէ: Դժվարանում եմ հարմարավետության որևէ ցուցանիշ ասել: Կան մի քանի, այսպես ասած, դասակարգումներ՝ ամենաառողջ քաղաքներ և այլն: Երևանը ես չէի ասի՝ աշխարհի ամենավատ քաղաքներից է, չէի էլ ասի` լավագույններից է, բայց կարող է, հավակնում է լինել աշխարհի ամենալավ ու հաճելի քաղաքներից մեկը, որովհետև ունի այդ էներգետիկան` անգամ հաշվի առնելով այն վայրագությունը, որ կատարվել է կանաչ տարածքների նկատմամբ. Քաղաքը տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդկանց համար հարմարավետ չի, այսօր բազմաթիվ մարտահրավերներ կան, բնապահպանական խնդիրներ, հետիոտն շարժման խնդիրներ, չէի ասի, որ դրանց պատշաճ ուշադրություն են դարձնում, դժվարանում եմ ասել, բայց հաստատ չէի ասի, որ Երևանն աշխարհի ամենաանհարմար քաղաքներից է:

- Երևանի ճարտարապետական պատկերում ձեռագրի փոփոխություն կա՞, ավանդականից հեռացե՞լ ենք արդյոք:
- Ես կասեի` ոչ թե հեռացել ենք իրականում, այլ որակը գցել ենք: Երևանում ու նրա կենտրոնում միջին կարգի ճարտարապետություն կա, որ Երևանի հետ կապ չունի, այն եկել-մտել է Երևան` չինովնիկ ճարտարապետների ձեռքով, պրիմիտիվություն կա:

- Ձեզ համար ո՞րն է Երևանի սիմվոլը:
- Երևանն իրականում բավական բարդ կառուցվածք ունեցող է, բազմաշերտ, բայց այսօր ես ցավով եմ նշում, որ որոշ պատկերներում տեսնում եմ` Երևանի սիմվոլների շարքում են հայտնվում Հյուսիսային պողոտան և այլն, որ արժանի չեն Օպերայի շենքի կողքին լինելուն, Բայց այստեղ տեսնում եմ ժամանակի խնդիր, ինձ թվում է` ժամանակի ընթացքում բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան: Շատ շենքեր շուտով մոռացվելու են ու դառնալու են աղբ:

- Դուք Երևանի բրենդավորման նախագիծ կներկայացնեի՞ք:
- Ես չեմ կարող բրենդավորման նախագիծ ներկայացնել, բայց մեծ սիրով մաս կկազմեի բրենդավորման գործընթացի, ինքս դժվար ինչ-որ բան կարողանամ անել, դա պետք է լինի բազմադիսցիպլին գործընթաց, բայց ես մեծ սիրով կմասնակցեի:

- Երևանում քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը որքանո՞վ են թիրախավորված, հրատապ ու հասցեական:
- Քաղաքում չի լինում հրատապ խնդիր, լինում են հրատապ հարյուրավոր խնդիրներ, ասեմ` պրոցեսը շատ հետաքրքիր եղավ՝ եղավ Հանրապետության հրապարակը, որովհետև այն ժամանակվա գլխավոր ճարտարապետն ինչ-որ խնդիր ուներ հրապարակի հետ, դրա համար մոգոնեցին նաև մյուս հրապարակների մրցույթները, հիմնականում այդ պատճառով եղավ, ես չեմ կարծում, թե դա ինչ-որ լուրջ քաղաքականության արդյունք է, որովհետև երբ նայում ես Երևանի քաղաքապետարանի քառամյա ծրագիրը, այնտեղ մրցույթ չկար, Երևան քաղաքն այժմ ունի զարգացման մի ծրագիր, որտեղ նորից չկա նման ծրագիր, այնպես որ դրանք ինչ-ինչ պատճառներով մեջտեղ բերված պրոյեկտներ են, որ կոնկրետ անձանց շահերին են ծառայելու:

- Վաստակ ունեցող ճարտարապետների ձայնն այսօր որքանո՞վ է լսելի:
- Ես չգիտեմ` «վաստակ ունեցող ճարտարապետ» ինչ է նշանակում, բայց ճարտարապետների ձայնն այսօր ավելի լսելի է, քան նախկինում, և դա մենք տեսնում ենք ամեն օր: Դա ավելի շատ խոսում է խոսքի ազատության մասին և ուղղակի մենք` ճարտարապետներս, պիտի պատրաստ լինենք ոչ միայն ձայնը լսելի դարձնել, այլև որոշումների վրա ազդեցություն ունենալ, չորս-հինգ տարի առաջ մենք երևի կերազեինք, որպեսզի լսելի լիներ մեր մասնագիտական կարծիքը: Ինձ թվում է` ճարտարապետական հանրույթը՝ ի դեմս Ճարտարապետների միության, պիտի կարողանա այլ կերպ ներկայանալ հանրությանը և փորձի էական ու շոշափելի ազդեցություն թողնել քաղաքային ու պետական մակարդակով: Ես, որպես վարչության անդամ, կարծում եմ` մենք դանդաղ, բայց գնում ենք առաջ: Ճարտարապետների համար լավ ժամանակներ չեն, եթե 2000-ականներին ընդհանրապես ոլորտում կային պատվերներ և ճարտարապետների համար կային աշխատանքներ, հիմա նույնիսկ դրանք են քիչ և հպարտանալու տեղերն են պակասել: Այս համատեքստում` երբ դու փորձում ես պահպանել «Ծածկած շուկան» կամ ինչ-որ այլ շենք, փոխանակ ամբողջ էներգիան վատնվի քաղաքի բարեկարգման, քաղաքում նոր մոտեցումներ տեսնելու վրա, մեր էներգիան վատնում ենք այնտեղ, որտեղ իրականում մենք անելիք չպիտի ունենայինք, որովհետև կա օրենք, օրինականություն, շենք-հուշարձաններ և վերջ: Ճարտարապետական հանրույթին պահում են այնքան լարված վիճակում, որ երկրորդական են դառնում ճարտարապետների իսկական միսիան` քաղաքն ավելի լավը դարձնելը, և այդ ամենը գումարվում է իրար ու դառնում այն, ինչ կա:

- Երևանը Երևան դարձնող առանձնահատուկ ի՞նչ կնշեիք:
- Նորից շատ բարդ հարց է, դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց ինձ համար Երևանի բոլոր ժամանակները հետաքրքիր են, նույնիսկ ունենք նախացարական շրջան, ռուսական շրջան, ունենք թամանյանական շենքեր, որ ավելի երիտասարդ են, ավելի ժամանակակից մոտեցումներով, այս բոլորը միասին փորձում են ավելի հետաքրքիր դարձնել քաղաքը: Ես հույս ունեմ ու կարծում եմ, որ Երևանի զարգացման գործում այս բոլոր շերտերը կկարևորվեն: Մենք ինչքան էլ սխալ տեղեկություններ ունենք խորհրդային տարիներին Երևանի զարգացման մասին, Երևանը բավական բազմաշերտ քաղաք է և այդ բազմաշերտությամբ հատկապես վաղ շերտի յուրաքանչյուր կտորը, յուրաքանչյուր մանրուքը պետք է փայփայել այնպես, որ կարողանանք ինքներս մեզ և նաև ուրիշներին ցույց տալ, որ մենք այստեղ ոչ թե ուղղակի պատահական հայտնվել ենք, այլ այստեղ ապրել ենք, այս տարածքում եղել է քաղաքային մշակույթ: Կարծում եմ` դա շատ կարևոր է, դա ոչ միայն երևանցիների, այլև հայաստանցիների համար է շատ կարևոր, սա քաղաքական խնդիր է:

- Վարդագույն Երևանն ավագ սերնդի հուշերի անբաժան մասն է, Երևանը պահե՞լ է իր գույնը:
- Ինձ թվում է` Երևանը երբեք վարդագույն քաղաք չի եղել, դա միֆ է, խորհրդային միֆերից մեկը, բայց Երևանը եղել է շատ գեղեցիկ քաղաք, շարունակում է լինել գեղեցիկ, կարող է լինել ավելի գեղեցիկ


-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

15 February, 2014

Քննարկում Մեդիակենտրոնում

Զուգահեռներ տանելով «Փակ շուկայի» և «Զվարթնոցի» հին մասնաշենքի միջև՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ չնայած երկու դեպքում էլ հանրային ուշադրությունը շատ մեծ է, սակայն կան մի քանի տարբերություններ. «Քանի որ այս դեպքում էականորեն այլ տեսակի ներդրողի հետ գործ ունենք, ապա պետք է մի քիչ այլ տակտիկա ընդունել և փորձել գտնել այլընտրանքային լուծումներ: Մեր բախտը շատ է բերել, որ Սամվել Ալեքսանյանի փոխարեն գործ ունենք Էդուարդո Էռնեկյանի հետ»:



-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

06 February, 2014

Վերնատան հյուրն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը




-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

05 February, 2014

Զվարոթնոցի հին մասնաշենքի քանդման մասին

"Ներկայումս նոր ուղևորային համալիրի թողունակությունը համապատասխանում է ուղևորահոսքի ծավալներին, սակայն, քանի որ հին կլոր շենքը գտնվում է շատ վատ վիճակում և սեյսմակայունության տեսակետից իրենից վտանգ է ներկայացնում, իսկ Կոնցեսիոները
պատասխանատվություն է կրում շենքի համար, նպատակահարմար է այն քանդել սույն
մաստեր պլանի գործողության ժամանակահատվածում:"

Սա հատված է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ-ից (2013-2017թ ընկած ժամանակաշրջանի համար) էջ 37...

Այսինքն այսօր դրա անհրաժեշտություն չկա, դա ընդունենք որպես իրողություն։

Երկրորդ անհրաժեշտ են տարածքներ, առանց շատ խորանալու ու ուսումնասիրելու ուղղակի ներկայացված Մաստեր պլանի շրջանակում ներկայացված նյութերի հիման վրա ներկայացում ենք երեք սցենարներ օդանավակայանի զարգացման համար։ A-ն այսօր օգտագործվող մուտքային (բաշխիչ) մասն է։  B-ն առաջարկում ենք հին մասնաշենքի միայն ներքին բակի մասում խելամիտ փոփոխություններով օգտագործել նույն նպատակով, ինչը նախատեսված է 2030 թվականի համար համաձայն մաստեր պլանի։

Սա ինչպես արդեն նշեցինք առանց երկար մտածելու ներկայացված առաջարկ է որը կարող է քննարկվել ու ենթարկվել մասնակի փոփոխությունների այն դեպքում եթե կա իրական ցանկություն հին մասնաշենքը պահպանելու համար։



-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

08 January, 2014

Պրահայի ճարտարապետական շաբաթը համարվում է արդի ճարտարապետության ճանաչված փառատոններից մեկը։  2013 թվականին ուրբանլաբը հրավիրված էր ներկայացնելու Հայաստանը այդ միջոցառման ընթացքում։ Հայկական տաղավարը ներկայացված էր ուրբանլաբ Երևանի եռաչափ քարտեզի տեսքով, որտեղ մեր մասնկցությամբ քաղաքային ակտիվ կետերն էին ներկայացված։ 




-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

28 December, 2013

Մանրուքը ամբողջությունից, ամբողջությունը մանրուքի մեջ



-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

26 July, 2013

Հետագայում կարող են բացվել այնպիսի փաստեր, որ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին կանչեն դատարան

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://www.1in.am/arm/armenia_right_197136.html

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա, որտեղ նշվում է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնական լիազորությունների չարաշահումները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանն այն կարծիքին է, որ խնդիրը մեկ անձով չի պայմանավորված, տարբեր մարդիկ են աշխատել քաղաքապետեր, գլխավոր ճարտարապետներ, բայց միևնույն ժամանակ բոլորի համար ակնհայտ է, որ Նարեկ Սարգսյանը՝ որպես գլխավոր ճարտարապետ, ամենաերկար պաշտոնավարողներից է և իր պաշտոնավարման ժամանակ ակնառու մեծ աշխատանքներ է իրականացրել, և հենց այդ աշխատանքների իրականացման ոճն է, որ, ըստ ճարտարապետի, կասկածի տակ է դնում նրա գործունեությունը:

Նարեկ Սարգսյանի այն դիտարկումը, որ միտումնավորությունն աչք է ծակում ԹԻՀԿ-ի յուրաքանչյուր տողում, որ ինչ-որ մեկի ականջներն են երևում, Սևադա Պետրոսյանն անազնիվ է համարում, քանի որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ամբողջ գործունեությունը հիմնված է նման չարաշահումների և պաշտոնյաների ոչ ճիշտ աշխատաոճի բացահայտման վրա:

Առհասարակ գլխավոր ճարտարապետի այսպիսի ինստիտուտ, ըստ մեր զրուցակցի, չի կարող լինել մի երկրում, որտեղ ժողովրդավարության հաստատման ձգտումներ կան։ «Նման հասարակությունը չի կարող ունենալ մի պաշտոն, որի ձեռքում կենտրոնացված կլինի քաղաքաշինական մեծ որոշումների կայացման ուժը: Սա ուղղակիորեն հակասում է երկրի սահմանադրությանն այնքանով, որ մենք ժողովրդավար երկիր ենք և որոշումներ պետք է կայացնենք խորհուրդների միջոցով, մարդկանց ուղղակի ներգրավվածության միջոցով, որն այս դեպքում որևէ նման հնարավորություն չի ընձեռում: Նույնիսկ եթե կա ճարտարապետական կամ քաղաքաշինական խորհուրդ, դա ընդամենը խորհրդատվական մի կառույց է, որը բոլոր դեպքերում ոչ էլ կատարում է այն ֆունկցիան, որը պետք է կատարեր»,- ասաց Սևադա Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ այս գործի հետևում ինչ-որ մեկի ականջները տեսնելը մի քիչ զավեշտալի է: Պարազապես ճարտարապետները քննադատում են Նարեկ Սարգսյանին այն բանի համար, որ ուզում են աշխատել մի միջավայրում, որն իրենց ազատ մրցակցային և առողջ մտածելու հնարավորություն է տալիս. մի բան, ինչը, դժբախտաբար, ներկա պահին մենք չունենք:

Սևադա Պետրոսյանը նշեց, որ մյուս գլխավոր ճարտարապետների ժամանակ էլ խախտումներ եղել են, բայց ցայտուն չեն երևացել, քանի որ համեմատաբար փոքր են եղել:

«Ես չեմ ուզում անպայման ասել, որ Նարեկ Սարգսյանը մեղավոր է, թող իրավապահ մարմինները պարզեն, բայց առնվազն իր աշխատաոճը կասկածի տեղիք է տալիս՝ իր դիրքի և պաշտոնի չարաշահման առումով»,- ասաց ճարտարապետը:

Մեր զրուցակիցը նշեց, որ Նարեկ Սարգսյանի արվեստանոցները, որոնցից մեկը գրանցված է իր անունով, մյուսը՝ կնոջ, ստեղծվել է հենց այն ժամանակ, երբ ինքը հրաժարվեց Երևանի գլխավոր ճարտարապետ լինելուց, և միանգամից անցավ մեծ քանակի աշխատանքների, և սա կասկածի տեղիք է տալիս՝ որտեղից են հայտնվել մեծ քանակությամբ քաղաքում առանցքային դիրք ունեցող կառույցների պատվերները:

Նա մեծ հույս ունի, որ սկսված գործընթացը կարող է նախադեպային լինել, զգուշացման մի ահազանգ չինովնիկների համար, որ այսուհետ հասարակությունը հսկում է իրենց, քանի որ, ի վերջո, քաղաքաշինությունն ուղղակիորեն կապված է մարդկանց առօրյա կյանքի հետ:

«Սա առաջին նախադեպն է, որ առնվազն մեկ պաշտոնյայի կարելի է պատասխանատվության կանչել իր աշխատանքը ոչ ճիշտ կատարելու համար: Իսլանդիայում վարչապետին դատի տվեցին երկրի տնտեսական խուճապի համար, ինչո՞ւ չի կարելի գլխավոր ճարտարապետին պատասխանատվության ենթարկել քաղաքը աղետալի վիճակի հասցնելու համար: Ցանկացած պաշտոնյա պետք է զգա հասարակության աչքը: Ապագայում կարող են բացվել այնպիսի փաստեր, որ գլխավոր ճարտապետին կանչեն դատարան։ Բայց ներկայումս նա դեռ գլխավոր ճարտարապետ է և շարունակում է նույն աշխատաոճը և իր հայտարարություններով չի կարողանում փարատել հանրության կասկածները»,- ասաց Սևադա Պետրոսյանը:



-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am